Ողնաշարի հետին ամրացման եղանակ
ողերի մարմինների սեղմումային կոտրվածքների դեպքում

Գյուտը վերաբերում է բժշկությանը, մասնավորապես նեյրովիրաբուժությանը:
Գյուտի խնդիրն է ողնաշարի հետին ամրացման եղանակի պարզեցումը, տրավմատիկության նվազեցումը, եժանացումը և բարդությունների վերացումը:
Գյուտի եությունն այն է, որ կատարում են վնասված ողերի ուղղում, դրանց փշաձև ելունների և աղեղների հեռացում, ողերի վնասված հատվածի վրա վրադիր թիթեղի տեղադրում, վնասված ողերից վերև ու ներքև գտնվող հարևան չվնասված ողերի կապում տանտալե մետաղալարով, գյուտի համաձայն թիթեղը գոգավոր է, պատրաստված է օրգանական ապակուց (պոլիմեթիլմետակրիլատ), նրա երկարությունը 3 – 4 մմ – ով գերազանցում է նշված չվնասված երկու ողերի ելունների միջև ընկած հեռավորությունը, թիթեղի ծայրերին կատարում են կիսաձվաձև կտրվածքներ, որոնցով թիթեղն ընդգրկում է նշված չվնասված ողերի փշաձև ելունները, և մետաղալարով կիպ ամրացնում են հարևան առողջ ողերի փշաձև ելունները և աղեղները:
Գյուտն իրականացնում են հետևյալ կերպ` օրգանական ապակուց թիթեղի պատրաստումով զբաղվում է ասիստենտը հետին կորպորոդեզի իրականացումից և տեղաշարժված ողերի ուղղումից հետո: Օրգանական ապակուց թիթեղը ջերմային ազդեցության միջոցով (եռացող ջրում կամ սպիրտայրոցի վրա տաքացնելով) դյուրին ձևով մոդելավորվում է, ընդունելով նրան տրվող ցանկացած ձևը, իսկ սառեցնելուց հետո կարծրանում է և դառնում շատ ամուր:
Տեղադրված թիթեղը, որը կատարում է ողնաշարային խողովակի հետին պատի դերը, գոգավոր է, վերցնում են մինչև 4 սմ լայնությամբ և վնասված ողից 3 – 4 մմ – ով երկար նրա մարմնի նախկին, նորմալ բարձրության վերկականգնման և ողնաշարի վնասված հատվածի անատոմիական ուրվագծի կրկնման նպատակով ողնուղեղի ճնշման կանխալգերման համար: Թիթեղի երկու ծայրերին կատարում են կիսաձվաձև կտրվածքներ, որոնցով թիթեղը ընդգրկում է կոտրվածքից վերև ու ներքև չվնասված հարևան ողերի փշաձև ելունները: Կարծրացող թիթեղը, պահպանված փշաձև ելունների միջև տեղադրելուց և ողնաշարային խողովակի վերականգնումից հետո, տանտալե մետաղալարով կիպ ամրացնում են հարևան առողջ ողերի փշաձև ելուններին և աղեղներին: Այնուհետև խնամքով կատարում են հեմոստազ, վերքի մեջ թողնում են խողովակավոր դրենաժ, որի արտաքին ծայրը մեջքի մկանների միջով դուրս են բերում վիրահատական վերքից 4 – 5 սմ հեռավորությամբ: Դրենաժը հեռացնում են 1 – 2 օրից:
Վիրահատությունից հետո 15 – 20 օրվա ընթացքում հիվանդին պառկեցնում են վահանակի վրա:


Գյուտը պարզաբանվում է գծագրերով.


Գծ. 1. – Ողնաշարի ամրացումը (տեսքը կողքից),
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 2 – ը` հարևան չվնասված ողերի մարմիններն են, 3 – ը` փշաձև ելուններն են, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է, 5 – ը` լար է:

 

 

 

 

 

 

Գծ. 2. - Ողնաշարի ամրացումը (տեսքը ետևից),
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 2 – ը` հարևան չվնասված ողերի մարմիններն են, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է, 5 – ը` լար է:

 

 

 

 

 

 

Գծ. 3. – Ողի ընդլայնական հատույթը,
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է, 5 – ը` լար է, 6 – ը` ողի հեռացված աղեղների հիմքերն են, 7 – ը` ողնուղեղն է:

 

 


Նկարագրված եղանակով վիրահատվել են ողնաշարի կոտրվածքով 192 հիվանդ:
Մոտավոր և հեռավոր արդյունքները ցույց տվեցին տրված եղանակի բարձր արդյունավետությունը: Միայն երկու դեպքում տեղի ունեցավ վերքի թարախակալում: Մնացած տուժածների մոտ վերքի ապաքինումն ընթացավ առաջնային ձգումով և հետագա դիտարկումն ու ֆունկցիոնալ սպոնդիլոգրաֆիան ցույց տվեցին ողնաշարի ամուր կայունություն, չնայած նրանցից շատերը վարում էին բավականաչափ ակտիվ կյանք:
Օրինակ. հիվանդ Գ. – ն, հիվանդության պատմություն № 906/118, 41 տարեկան ընդունվել է ԳԲԿ «Շտապ օգնության» նեյրովիրաբուժական բաժանմունք ավտովթարից հետո, գիտակցության կորստով, գլխացավի, վզի շրջանում ցավերի, ներքին վերջույթների և աջ ձեռքի թուլության գանգատներով: Նյարդաբանական վիճակը. գիտակցությունը պարզ: Հարցերին պատասխանում է ճիշտ: Բիբերը D=S, հորիզոնական նիստագմ, հայացքի պարեզ դեպի վեր, VI նզ – ի պարեզ: Լեզուն միջին գծում: Ներքին վերջույթների ակտիվ շարժումները սահմանափակ են և կատարվում են թույլ ուժով: Ձեռքերի շարժումներն աջից սահմանափակ են: Ձեռքերում ջլային ռեֆլեքսները S>D, իսկ ոտքերում` տորպիդային: Տեղի ունի զգայունության հաղորդական տիպի խանգարում` սկսած C5 սեգմենտից:
Ներբանային ախտաբանական ռեֆլեքսները բացակայում են: Հիվանդի մոտ առկա է միզարձակման և արտաթորման դժվարացում:
Ողնաշարի պարանոցային հատվածի ռենտգեն և ՄՄՌ հետազոտություններով պարզվել է. ողնաշարի կոտրվածք, հոդախախտ C5 - C6 մակարդակում ողնաշարային խողովակի նեղացումով:
Կատարվել է գոտկային պունկցիա L3 - L4 ողերի միջև լիկվորադինամիկ փորձերով: Հայտնաբերվել է նաև բլոկի առկայություն այդ նույն մակարդակում` ողնուղեղային ենթաոստայնային տարածության մեջ:
Հիվանդը վիրահատվել է. հեռացվել են C5 ողի աղեղի ճզմված բեկորները, կատարվել է C5 - C6 հոդախախտի ուղղում պարանոցային հատվածի անշարժացումով` օրգանական ապակու և լարային կապի օգնությամբ:
Հետվիրահատական ընթացքն եղել է հարթ, վերքն ապաքինվել է առաջնային ձգումով: Վիրահատությունից 2 – 3 օր հետո հիվանդի վիճակը նկատելի լավացել է, ավելացել է ներքին վերջույթների, ինչպես նաև աջ ձեռքի շարժումների ծավալը: Գրեթե ամբողջությամբ վերականգնվել է զգացողությունը: Վիրահատությունից 20 օր հետո հիվանդն ինքնուրույն քայլեց:
Առաջարկվող գյուտի օգտագործումը թույլ կտա սեղմումային կոտրվաքների դեպքում պարզեցնել, էժանացնել և նվազեցնել ողնաշարի ամրացման եղանակի տրավմատիկությունը, ինչպես նաև խուսափել որոշակի բարդություններից:

 

Տրված եղանակն ունի հետևյալ առավելությունները.

1. Ամրացումը կատարում են օրգանական ապակու միջոցով, որն էժան է, հեշտ մոդելավորվում է և ամուր ամրացնում է ողնաշարը` հուսալի պահպանելով ողնուղեղը` ողնաշարային խողովակի հետին պատի ձևավորման արդյունքում:
2. Ամրացման նյութը հեշտ մանրէազերծվում է, չի ներծծվում և չի մերժվում օրգանիզմի կողմից:
3. Ամրացման հետ կապված վիրահատությունը կատարում են միաժամանակ, և մետաղական ամրակների հեռացման կամ աուտոտրանսպլանտացիայի նպատակով ոսկրի վերցման համար կրկնակի միջամտության անհրաժեշտություն չկա:
4. Ողնաշարի նման ամրացումը նվազ տրավմատիկ է:

 


Գյուտի հավակնության սահմանում

Ողնաշարի հետին ամրացման եղանակ ողերի մարմինների սեղմումային կոտրվածքների դեպքում, ըստ որի կատարում են վնասված ողերի ուղղում, դրանց փշաձև ելունների և աղեղների հեռացում, ողերի վնասված հատվածի վրա վրադիր թիթեղի տեղադրում, վնասված ողերից վերև ու ներքև գտնվող հարևան չվնասված ողերի կապում տանտալե մետաղալարով, տարբերվում է նրանով, որ թիթեղը գոգավոր է, պատրաստված է օրգանական ապակուց (պոլիմեթիլմետակրիլատ), նրա երկարությունը 3 – 4 մմ – ով գերազանցում է նշված չվնասված երկու ողերի փշաձև ելունների միջև ընկած հեռավորությունը, թիթեղի ծայրերին կատարում են կիսաձվաձև կտրվածքներ, որոնցով թիթեղը ընդգրկում է նշված չվնասված ողերի փշաձև ելունները, և մետաղալարով կիպ ամրացվում են հարևան առողջ ողերի փշաձև ելունները և աղեղները: